Վահան Տերյան ԷԼԵԳԻԱ, ՑՆՈՐՔ

Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա…

Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…

Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն.

 

 

скачанные файлы

Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։

Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…

Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…

Leave a comment