ԳԱՅԹԱԿՂՎԱԾ ԱԲՈՎՅԱՆԸ

Խաչատուր Աբովյանի գրական և հասարակական գործունեությունը հանրահայտ է, ինչը չի կարելի ասել նրա անձնական կյանքի մասին: Եղել են լուրջ ուսումնասիրություններ, բայց և այնպես մեծ լուսավորչի կերպարի դափնիները միշտ էլ ստվերել են նրա զգացական աշխարհի ամենախոր անկյունները` անծանոթ թողնելով գեղեցկատես երիտասարդի հույզերի, գայթակղությունների, հրապուրանքների ու սերերի այն մեծ ու փոքր բռնկումները, որոնցով պիտի ամբողջանար նրա մարդկային նկարագիրը, և Աբովյանը մեզ պիտի ներկայանար գուցե բոլորովին ուրիշ, սակայն շատ ավելի հոգեհարազատ ու անմիջական պատկերով:

Այս առումով առանձնապես հետաքրքրական է գրողի կյանքի դորպատյան շրջանը: Նահապետական Քանաքեռից քաղաքակիրթ Եվրոպայի ճիշտ կենտրոնում հայտնված Աբովյանի համար հայտնության պես մի բան էր այն աշխարհը, որտեղ գերիշխում էր զգացմունքների ազատությունը, որտեղ հարաբերությունները ծնվում ու փթթում էին առանց տագնապների, որտեղ անկարելին կարելի էր դառնում, եթե սիրտն այդպես էր ուզում: Եվ վարակված այդ թեթևությամբ, նրա հոգում և մարմնում արթնանում էին կաշկանդված գրգիռները, նա իրեն նետում էր մղումների հորձանուտը` արբենալով ու տրվելով վայելքին, ճաշակելով արգելված պտուղը, լինելով մերթ գայթակղված, մերթ գայթակող:

Թռուցիկ, ժլատ, երբեն էլ անորոշության մշուշով պատված պատառիկներ են մեզ հասել Աբովյանի սիրային «դեգերումներից»: Բայց նույնիսկ այդ հպանցիկ ուրվանկարն էլ բավական է տեսնելու և զգալու, թե ապրումների ինչպիսի վերելքների ու անկումների միջով է անցել երիտասարդ գրողը…

Դորպատ հասնելու հենց առաջին շաբաթներին` 1830-ի աշնանը նա ծանոթանում է Յուլիե Կրաուզեի հետ: Աղջիկը Աբովյանի հովանավոր պրոֆեսոր Պարրոտի կնոջ քույրն էր: Այդ տասնութամյա օրիորդը, որն, ըստ վկայությունների, առանձնապես հրապուրիչ արտաքին չուներ, Աբովյանին գերում է իր անկեղծ անմիջականությամբ, ազատ ու կենսախինդ պահվածքով: Նրանք այնքան են մտերմնում, որ մեկ տարի անց, երբ հարկադրված էին բաժանվել, այդ անջատումը խորը կսկիծ է պատճառում երկուստեք: «Իմ սիրտը ամենևին չէր ցանկանում բաժանվել նրանից, բայց հարկադրաբար բաժանվեցինք… Եվ ինձ, և նրա համար ցավալի էր այս բաժանումը»,- խոստովանում է Աբովյանը: Իսկ հետո, երբ կրկին հանդիպում են, կյանքը վերստին իմաստ է ձեռք բերում: «Եվ ահա ձյան նման հայտնվում է աղավնակերպ սպիտակազգեստ օրիորդը. համեստափայլ ժպիտը ճառագայթում էր նրա շուրթերից… Օհ, երանի թե  իմ ականջներին մշտապես հնչեին նրա այս մեղրահամ խոսքերը»,- իր օրագրում պիտի գրեր Աբովյանը: Տանեցիները` նկատելով խորացող կապը, այլևս ոչ թե խոչընդոտում էին, ինչպես առաջին օրերին, այլ հաշտվելով իրողության հետ` սկսում են փոքրիկ խորամանկություններով օգնել նրանց: 1832 թ. հունվարի 1-ից  Պարրոտը և տիկինը հատուկ դիտումով կարգ են սահմանում, որ ճաշի ժամանակ Աբովյանը նստեր Յուլիեի կողքին ( մինչ այդ նրա մշտական տեղը Պարրոտի կողքին էր): «Հավանաբար սա դիտավորյալ են արել, քանի որ առավել քաղցր օրիորդի մերձավորությունը կմեղմացնի իմ բիրտ բարքը, և, հիրավի, սա է այն միակ միջոցը, որով մարդ կարող է մեղմացնել իր սովորույթները, քանի որ որքան իր բարեկամությամբ ու ծանոթությամբ  մոտենա կանանց սեռին, այնքան կկրթվեն, պատվական կդառնան նրա բարքերը: Ես այս փորձառությունը վաղուց ունեմ»,- կատարվածն այսպես էր բացատրում (կամ գուցե արդարացնում) Աբովյանը: Նրանց մտերմությունը պիտի ձգվեր մինչև 1936 թ: Աբովյանը և Յուլիեն հրաժեշտ տվեցին միմյանց` որպես քույր և եղբայր մնալու խոստումով…

Սիրային մեկ այլ արկած էլ ծնունդ առավ այն օրերին, երբ Աբովյանը Դորպատում սենյակ վարձեց ռուս սարկավագ Վասիլի Սեմյոնիչի տանը: Շատ չանցած` նրան հրապուրեց սարկավագի քենին` Օլգային: Բարեբախտաբար, այս սիրավեպը կարճ տևեց: Հետո, երբ նա արդեն տեղափոխվել էր ուրիշ բնակարան, ժպիտով էր հիշում այդ «հիմարությունը»:

Հաջորդը օրիորդ Ադելաիդե Էրդմանն էր` պրոֆեսոր Էրդմանի դուստրը, ում տանը Աբովյանին հաճախ էին հրավիրում: Պատմում են, թե աղջիկն այնքան գեղեցիկ է եղել, որ մշտապես շրջապատված էր բազում երկրպագուներով, իսկ նրանցից մեկը նույնիսկ ինքնասպան էր եղել անպատասխան սիրո պատճառով: Աբովյանի բախտը բերեց, քանի որ նրանց սերը փոխադարձ էր ու խորը: Մի ինչ-որ պահի նա նույնիսկ լրջորեն սկսեց մտածել ամուսնության և Ադելաիդեին իր հետ Հայաստան տանելու մասին, ծանր ապրումներ էր ունենում այն երկյուղներից, թե գերմանուհին կմերժի իր առաջարկը` չցանկանալով մեկնել հեռավոր ու անծանոթ մի երկիր: Սակայն որքան մեծ պիտի լիներ նրա զարմանքը, որ երբ Ադելաիդեին հայտնեց իր մտադրության մասին, աղջիկը նրան պատասխանեց. «Որտեղ տղամարդն է, այնտեղ էլ կնոջ հայրենիքն է»:

Ցավոք, երջանիկ զույգին վիճակված չէր իրականություն դարձնել իրենց երազը: Բուռն սերը ցավալի վերջաբան ունեցավ. հարաբերությունները խզվեցին, Ադելաիդեն ամուսնացավ մեկ ուրիշի հետ`թողնելով Աբովյանին փշրված սրտով ու մոխրացած հույսերով: Ծանր էր այդ կորուստը: Միայն թե սերը դեռ երկար պիտի ապրեր: Ու երբ տարիներ հետո Աբովյանն աղջիկ ունեցավ, նրան կոչեց Ադելաիդե…

Իսկ մինչ այդ մի գայթակղությունը հաջորդում էր մյուսին: 1831-ի ամառը Աբովյանին նոր հրապուրանք բերեց: Դա գիմնազիայի մաթեմատիկայի ուսուցչի դուստրն էր` Յուլիե Դորոթեա Սոկոլովսկին` Յուլիե 2-րդը: Աղջկա ընտանիքն ապրում էր հենց գիմնազիայի շենքում, և Աբովյանը հաճախ էր այցելում նրանց, որտեղ նշանավոր լեզվաբան Ֆ. Յ. Վիդեմանին հայերեն դասեր էր տալիս:  Հափշտակությունն այնքան ուժգին էր, որ Աբովյանը սկսեց փախչել դասերից, որպեսզի աղջկան ժամ առաջ տեսնի: Նրանց կյանքում անմոռաց պիտի մնար 1832-ի ամառը, Միտավայում: Այստեղ երկուսով էին, սիրո վայելքն անսահման էր, թռչող ժամանակը` հեքիաթային: Երկու երջանիկները դեռ չգիտեին, որ դա իրենց վերջին հանդիպումն էր:  

Դժվար է ասել, թե այս կապն ինչու խզվեց, ինչ ելևէջներ էին, որ կասեցրեցին ընթացքը, սակայն պահպանվել է Յուլիեի հրաժեշտի նամակը` գրված 1836 թ հունվարին` Աբովյանի` հայրենիք վերադանալու օրերին: Յուլիեն գրում էր. «Հնարավոր է, որ դժվարին կոչումը, որին Դուք, սիրելի Աբովյան, ընդառաջ եք գնում, ցույց չտա Ձեզ Ձեր ապագան պայծառ լույսերի մեջ, հնարավոր է, որ մեծ լինի ցավը, որն զգում եք Դուք` թողնելով Ձեզ համար Հայրենիք դարձած օտար երկիրը, սակայն այնուամենայնիվ այն միտքը, թե Ձեր բարեկամների ոգիները ճախրելու են Ձեր շուրջը նաև հեռվում, կսփոփի և կհանգստացնի Ձեզ և կթեթևացնի Ձեզ համար բաժանումը, որը վաղ թե ուշ անխուսափելիորեն պետք է տեղի ունենար:

Թող Ձեր բոլոր բարեկամների սիրո և հարգանքի գիտակցությունը… սիրելի Աբովյան, ուրախացնի Ձեզ մենության ժամերին և միաժամանակ հավատացնի Ձեզ, որ շատ հաճախ և հաճույքով կմտածի Ձեր մասին Ձեր բարեկամուհին:

Յուլիե Սոկոլովսկի

Դորպատ, 14 հունվարի, 1836»:

Տունդարձի ճանապարհին  Աբովյանը Մոսկվայում  կանգ առնելուն պես իր առաջին նամակներից մեկը գրեց է հենց նրան…

Բայց սա դեռ բոլորը չէր: Կար նաև շոտլանդուհի տիկին Աննա Ֆրիդլենդերը, խիստ տարբեր Աբովյանի մյուս մտերմուհիներից, քանի որ այդ կինը ոչ միայն շրջահայաց էր, այլև կարողանում էր զսպել իր հույզերը` նույնն էլ հարկադրելով Աբովյանին: Ի նշան իրենց լուռ, կաշկանդված կապի, Աննան Աբովյանին նվիրեց մի թանկարժեք կնիք: Կնիքի վրա փորագրված էր. «Բարի է ամենայն իր, եթե վախճանն է բարի»: Այս խոսքերը նրանց պարագայում տեղին էին: Այդ կնիքը ասես զմռսել էր զգացմունքների դուռը` կասեցնելով հորձանքի ընթացքը: Եվ գուցե նաև դա էր պատճառը, որ նույն օրերին Աբովյանը մխիթարություն էր գտնում մեկ այլ` ավելի մատչելի օրիորդի մոտ, որի անունն էր Կարոլինե ֆոն Շվեբս: Աղջիկը լավ ձայն ուներ, հրաշալի դաշնամուր էր նվագում և կարողանում էր երաժտությամբ համեմել իր սիրախաղը: Կարոլինեին է նվիրված Աբովյանի «Օրիորդն ֆօն Շվէբս ի վերայ երգեհոնի» բանաստեղծությունը:

Իսկ հետո վրա հասավ մեկ այլ արկած և մեկ այլ հրապուրանք: Մի անգամ Աբովյանը որոշեց մեկնել ուղևորության: Նրա ընկերը` Թեոդոր Գրասն ապրում էր Ռիգայում, և Աբովյանը հյուր գնաց նրան` Պոնիմուն կալվածքը: Այդ ընտանիքում ապրում էր Շարլոտե Շուլցը, ով Գրասների ընտանիքի հոգեզավակն էր: Թե ինչպես նրանք մտերմացան ու թե ինչպես մտերմությունը վերածվեց սիրո, նույնիսկ զույգի համար էր անբացատրելի: Սակայն զգացմունքներն անկեղծ էին, հյուսվող թելերը` վստահելի ու ամուր: Նրանք թափառում էին շրջակա դաշտերում, գնում դիտելու լիտվացի գեղջուկների  հանդեսները, Շարլոտեն նրան նույնիսկ պարել սովորեցրեց: Իսկ երբ եկավ հրաժեշտի պահը, աղջիկը Աբովյանի համար թղթից մանրանկար ծաղիկներ կտրատեց` կենտրոնում դնելով հույսի խորհրդանիշը` խարիսխը: Դա ներքևում նա գրել էր այս տողերը. «Մի բողոքիր երջանկության չնչինությունից, ոչ մի վերք հավիտյան չի ցավում…»: Աբովյանից իբրև հիշատակ ստացավ նրա մազերից մի փունջ:

Համաձայն Աբովյանի օրագրային գրառումների, նրանց վերստին վիճակված էր հանդիպել: 1833 թ. հուլիսի 8-ին նա գրել է. «Սա իմ կյանքի ամենաերջանիկ ժամերից մեկն էր, որ վայելեցի: Բազում գեղեցիկ օրիորդներ եմ տեսել ես, բայց սրա համեստությունը, քնքույշ սիրտը, հոգու ազնվությունը, հեզ ու պարկեշտ բարքը ամբողջությամբ գրավել էին իմ հոգին: Ես վերցնելով ձեռքը` առաջնորդեցի նրան. իմ բոլոր երակներում եռում էր սեր և կրկին սեր. երկինքը և ողջ շրջակայքը թվում էին ներդաշնակված մեր ներքին զգայությունների հետ: Ախ, մենք սիրում էինք իրար… Ախ, եթե դառն օրհասը չմիավորի մեզ, անմոռաց կմնան այս օրն ու այս ժամը, որ հրեշտակի պես մաքուր հոգին ինձ սրտի ցավ պատճառեց»:

Շառլոտեին նա դեռ շատ երկար էր հիշելու` վերհուշն ու հոգի կսկիծը թաղելով բանաստեղծական տողերի մեջ. «Սերն է, որ պահում է բոլոր արարածներին, Փառք սիրո թագուհուն, ամենայն պատիվ…»: Իսկ երբ Հայաստան էր վերադառնում, Շառլոտեից հրաժեշտի թերթիկ ստացավ: Ծրարի մեջ դաշտալին ծաղիկներից հյուսված մի պսակ էր ու բանաստեղծություններ:

Բայց ժամանակը հոսում էր` ջնջելով անցնող օրերի շղթան և բերելով նոր տպավորություններ: Աբովյանը թվում է, թե դիմադրում էր այդ ընթացքին, միայն թե նրա դիմադարձումը թույլ էր, իսկ գայթակղություններն` ուժգին: Երբ ուսանողական ընկերոջ` Մաքսիմելիան Հերմանի հրավերով մեկնեց նրա հայրենի կալվածը` Ֆրիդրիխսհոֆ ու մնաց մոտ մեկ ամիս, այստեղ էլ մտերմացավ Հերմանի քրոջ` Հելենի հետ: Վերադարձավ Դորպատ, սակայն մի քանի օր անց կրկին մեկնեց այնտեղ ու 4 օր անցկացրեց Հելենի մոտ:

Այնուհետև ուղևորվեց Ռիգա ու ծանոթացավ մի օրիորդի` Ռոզալիե Վալցի հետ: Բայց Ռիգան նրա համար ուրիշ անակնկալներ էլ ուներ: Օրինակ, «Բեքաս» իջևանատունը, որտեղ հարբած աղջիկներ ու կանայք անցվորներին գինի ու օղի են բաժանում և կիսում էի նրանց հետ իրենց տռփանքը: Հիասթափված Աբովյանը հետո իր ծոցատետրում պիտի գրեր. «Ինչ ազնվագույն են մեր կանայք, զի նրանց չի արտոնվում կյանքի այսպիսի եղանակը»:

Այս հիասթափությունը, ցավոք, ոչ առաջինն էր ու ոչ վերջինը: Նա չի մոռանալու թե ինչպես մի կարճ ժամանակ մտերմություն արեց Սոֆյա անունով օրիորդի հետ, բայց հետո վրա հասավ զղջումի պահը, երբ մի անգամ անակնկալ հանդիպեց նրան ինչ-որ ուսանողի հետ համբուրվելիս:

Ահա այսպես գլորվեցին Խաչատրուր Աբովյանի` Դորպատում անցկացրած տարիները: Երիտասարդ արյան եռքը դադար էր  ուզում, և այդ իմաստով նրա վերադարձը բարերար ազդեցություն ունեցավ: Միայն թե հայրենիքում ու Թիֆլիսում էլ նա ստիպված էր բոլորովին այլ «վարարումների» առաջ պատվարներ դնել: Այդ տհաճ իրավիճակի մասին նա բավականին խոսուն գրառումներ է թողել` պատմելով, թե ինչպես էին իրեն հալածում մուցիքուլները` փորձելով ամուսնացնել այս կամ այն օրիորդի հետ ու խոստանալով մեծ օժիտ. «Հազիվ մի քանի շաբաթ էր անցել Թիֆլիս գալուց հետո,- գրում է Աբովյանը,- երբ անսպասելի ինձ այցելության եկան պառավ կանայք, իսկ երկու անգամ էլ` քահանաներ: Ես շատ լավ տեսնում էի, թե ինչ է նշանակում այդ բոլորը, և դրա համար էլ համառ կերպով մերժեցի նրանց հորդորանքները` պատճառաբանելով, որ ես հաստատապես վճռել եմ չամուսնանալ, եթե ինձ տալու լինեն անգամ իշխանադուստրեր և տասը հազար արծաթ ռուբլի էլ հետը»:

Իշխանադուստր ու արծաթ նրան ոչ ոք չտվեց, փոխարենը հանդիպեց Էմիլյային: Լոոզե Էմիլյան ծնունդով Տալինից էր: Զրկվելով ծնողներից, նա տեղափոխվել էր Թիֆլիս: Սիրահարված Աբովյանը խնդրեց աղջկա ձեռքը: 1938 թ. սեպտեմբերին Էմիլյան ու Աբովյանը պաշտոնապես նշանվեցին, իսկ մեկ տարի անց ամուսնացան: Աբովյանը սիրում էր կրկնել, որ իր լյութերադավան կինը «բարեբարոյությամբ ու պարկեշտությամբ կարող է զարդ լինել ամեն ընտանիքի»: 1840-ի մայիսին ծնվեց նրանց որդին` Վարդանը: Աբովյանը հավատարիմ ու սիրող ընտանիքի հայր էր: Երիտասարդական խենթությունները մոռացության էին տրված: Բայց արդյո՞ք մեկընդմիշտ…

Վահան Տերյան

ԿԱՐՈՏ
Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում…
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում…

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող,—
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո դյութող։

Ւնձ փաթաթիր որպես ամպ՝
Մութ աչքերըդ մեղմ փակիր,
Ժպտա՛ կրքոտ բերկրությամբ,
Անցավ կյանքըս խորտակիր…

Արյունոտիր շուրթերն իմ,
Սիրտս խայթիր՝ ծիծաղիր.
Թ՛ող աչքերս հեզ մեռնին,
Կյանքս մարիր ու փախիր։

Քո հայացքը մոգական
Բորբոքում է քաղցր դող, —
Պարուրիր ինձ կուսական
Հուզումներով քո գռութող…250px-Vahan_Teryan

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Խաչատուր Ավետիքի Աբովյանը ծնվել է Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում 1809 թվականին։ Զավակն է եղել նահապետական նշանավոր մի ընտանիքի։ Նրա պապի՝ Աբովի հռչակը երկար է ապրել համագյուղացիների մեջ, իսկ նրա առատաձեռնության մասին հպարտությամբ է խոսել ինքը՝ Խաչատուր Աբովյանը։ Գրողի օրոք, սակայն, Աբովենց տան նախկին հարստության հետքն անգամ մնացած չի եղել։

Խաչատուր Աբովյանը Էջմիածնում կարգվում է սարկավագ և թարգման՝ կարևոր դեպքերում ռուս և եվրոպացի ճանապարհորդների համար, որոնք գալիս էին գիտական զանազան ուսումնասիրություններ անելու։

1829 թվին Էջմիածին է գալիս Դորպատի (քաղաք Էստոնիայում) համալսարանի պրոֆեսոր՝ Ֆրիդրիխ Պարրոտը՝ մի խումբ գիտնականներով՝ Արարատի գագաթը բարձրանալու համար։ Պրոֆեսորի խնդրանքով կաթողիկոսն Աբովյանին՝ որպես տեղական հանգամանքներին ծանոթ անձնավորության, թույլ է տալիս մասնակցել այդ գիտական արշավախմբին։ Արշավախումբն ստացել է Նիկոլայ I կայսեր հավանությունն, ով նաև զինվորական ուղեկցող էր տրամադրել։ Անցնելով Արաքսը՝ նրանք գնացին Ակոռի, որ տեղակայված է Արարատի հյուսիսային լանջին՝ ծովի մակարդակից 1200մ բարձրության վրա։ Արշավախումբը, հետևելով Հարություն Ալամդարյանի խորհրդին, ճամբար են հիմնում Սուրբ Հակոբ վանքի մոտ (ծովի մակարդակից 2400մ բարձրության վրա)։ Հյուսիսային լանջով Արարատի գագաթը մագլցելու նրանց առաջին փորձը ձախողվեց տաք հագուստի բացակայության պատճառով։

1829 թվականին Էջմիածին է եկել Դորպատի (այժմ՝ Էստոնիայի Հանրապետության Տարտու քաղաքը) համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը՝ Մասիս (Արարատ) լեռը բարձրանալու նպատակով: Եփրեմ կաթողիկոսն իր քարտուղար և սինոդի թարգմանիչ Աբովյանին հանձնարարել է ուղեկցել Պարրոտի արշավախմբին: Նույն տարվա հոկտեմբերի 9-ին նրանք բարձրացել են Մեծ Մասիսի գագաթը: Դա առիթ է դարձել, որպեսզի Աբովյանը, որ մինչ այդ՝ 1819–1822 թվականներին, սովորել էր Էջմիածնի վանական, 1824–1826 թվականներին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում, մեկներ Դորպատ՝ ուսումնառության: 1830–1835 թվականներին պետական կրթաթոշակով ուսանել է Դորպատի համալսարանում, սովորել մի շարք լեզուներ՝ գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն, ուսումնասիրել բնական և հասարակական գիտություններ, երաժշտություն: 1836 թվականին վերադարձել է հայրենիք: 1837–1843 թվականներին, որպես տեսուչ, աշխատել է Թիֆլիսի, 1843–1848 թվականներին՝ Երևանի գավառական դպրոցներում: Նա ստեղծագործել է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և գերմաներեն: Գրել է չափածո («Զգացմունք ցավալի սրտիս», «Գարուն», «Սեր առ հայրենիս») և արձակ («Պարապ վախտի խաղալիք», «Թուրքի աղջիկը», «Առաջին սեր») գործեր, հեղինակ է նաև ուսումնասիրությունների, դպրոցական ձեռնարկների («Նախաշավիղ կրթության»): 1841 թվականին Աբովյանի «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» պատմավեպով սկզբնավորվել է հայ նոր գրականությունը: Վեպում պատկերված են հայ ժողովրդի ծանր դրությունը Պարսկաստանի ու Թուրքիայի տիրապետության օրոք, հայերի ազատագրական կռիվները և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին: Վեպում նկարագրված դեպքերն ու դեմքերը պատմական են: Աբովյանը հայրենիքի վերածնության հույսը կապել է ազգային համախմբման, պայքարի, կրթության և լուսավորության տարածման հետ: «Վերքը» գրված է ժողովրդին մատչելի լեզվով, որը կառուցվածքով, լեզվով ու ոճով, բնության տեսարանների նկարագրությամբ նորություն էր հայ գրականության մեջ: Աբովյանի «Վերք Հայաստանի» (տարբեր բեմավորումներով՝ «Ասլան բալասի», «Աղասի» և այլն), «Ֆեոդորա կամ Որդիական սեր», «Խաղարկություն մանկանց» և այլ գործեր բեմադրվել են, իսկ նրա հեքիաթների մոտիվներով նկարահանվել է «Որսորդները» հայկական մուլտֆիլմը (1977 թվական):

1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով սկսվեց հայերի զանգվածային արտագաղթ, և շուրջ 90 000 հայեր հարկադրված լքեցին իրենց հայրենիքը։ Ժամանակի ցարական չինովնիկության հակահայկական քաղաքականությունը չէր կարող ազատամիտ Աբովյանի վրա իր բացասական ազդեցությունը չունենալ։ Շատ կարևոր է, թե պատմական այդ ժամանակաշրջանում ինչպես էին ձևավորվում Աբովյանի հասարակական-քաղաքական հայացքները։ Ռուսաստանի նկատմամբ խանդավառ վերաբերմունք ունեցող Աբովյանի մոտ («Օրհնվի էն սհաթը…») առաջացան գաղափարական շրջադարձի բոլոր նախադրյալները՝ ձախողվեցին դպրոց ստեղծելու իր ծրագրերը և, ընդհանրապես, չիրականացան սեփական պետականությունը վերականգնելու հայ ժողովրդի բոլոր ձգտումները։ Այս ամենի արդյունքը մեծ լուսավորչի առեղծվածային անհայտացումն էր, որի ստույգ մանրամասները առ այսօր թաղված են թանձր խավարի մեջ։

img_2287

img_2289

img_2288

hqdefault

Վահան Տերյան ԷԼԵԳԻԱ, ՑՆՈՐՔ

Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա…

Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…

Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն.

 

 

скачанные файлы

Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։

Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…

Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…

Բնական ռեսուրսներ և բնական պայմաններ

Բնական ռեսուրսներ: Ընդհանրապես ռեսուրս է այն ամենը, ինչը մարդկանց  նյութական  ու հոգևոր բարիքների ստացման աղբյուր  և նախադրյալ է: Այդպիսի  աղբյուր ու նախադրյալ  են մեզ շրջապատող բնության բազմաթիվ նյութեր ու երևույթներ` օդտակար հանածոնոները, անտառի  հարստությունները, վարելահողն ու մարգագետինը, գետերն ու լճերը, քամին ու անձրևը, արևի լույսն ու ջերմությունը:

Բնական ռեսուրսները բնական միջավայրի այն նյութերն ու երևույթներն են,որոնք օգտագործվում են  կամ կարող են օգտագործվել  որպես աշխատանքի  առարկա ու գործիք (արտարության միջոց) և սպառման առարկա:

Բնական ռեսուրս հասկացությունը պատմական կատեգորիա է: Դա  նշանակում է, որ  ներկայումս  օգտագործման  ենթակա բնության  տարրերն ու երևույթները միշտ չէ, որ ռեսուրս են եղել: Դրանք  այդպիսին դարձել են մարդկային հասարակության պատմական զարգացման շնորհիվ: Սկզբնական շրջանում մարդու համար ռեսուրս են ծառայել  բնության պատրաստի բարիքները` հատապտուղները,  որսի կենդանիները, ավելի ուշ` մետաղային հանքատեսակները , քարածուխը, նավթը, գետերի անկման էներգիան: Այդ երևույթը  ինտենսիվ է զարգացել հատկապես վերջին հարյուրամյակների ընթացքում: Դատեցեք ինքներդ. Երկաթե դարում  մարդը կարողանում էր  բնությունից կորզել  և օգտագործել ընդամենը  մի քանի քիմիական տարր, 18-րդ դարում` 30, 19-րդ դարում` 50, իսկ 20-րդ դարում` արդեն ավելի քան 9o:

Լայն տարածում ունի բնական ռեսուրսների դասակարգումը սպառվողների և չսպառվողերի:

Չսպառվող բնական ռեսուրսներ են, օրինակ, արեգակնային էներգիան, ծովային ալեկոծությունների, տեղատվության ու մակընթացության էներգիան:

Մնացած  բոլորը ռեսուրսները սպառվող են: Բայց  դրանց  մեջ տարբերում  են  այնպիսիները, որոնք որոշակի ժամանակաշրջանում վերականգնվում են, և անպիսիները, որոնք չեն վերականգնվում և օգտագործելու դեպքում կարող են սպառվել ամբողջովին, օրինակ` օգտակար հանածոները:

Վերականգնվող ռեսուրսներ են, օրինակ, բույսերը, կենդանիները, գետերի ու լճերի ջրային պաշարները:  Դրանք այն ռեսուրսներն են, որոնք գոյանում են  նյութի շրջապտույտի շնորհիվ և ունեն ցիկլային զարգացում: Բուսական և կենդանական ռեսուրսները  վերականգնվում են  նյութի կենսաբանական  շրջապտույտի, իսկ ջրային ռեսուրսները` ջրի շրջապտույտի շնորհիվ:

Կարևոր նշանակություն ունի  բնական  ռեսուրսների դասակարգումն ըստ ծագման: Առանձնացնում են ռեսուրսների հետևյալ խմբերը` հանքային (հանածո), ջրային, հողային, կենսաբանական, կլիմայական:

Այդ ռեսուրսները տարբերվում են նաև ոչ միայն ծագումով, այլև գլխավոր ֆիզիկաքիմիական հատկանիշներով և այն դերով ու տեղով,  որ ունեն աշխարհագրական  միջավայրում և մարդու կյանքում:

Բնական ռեսուրսները դասակարգվում են նաև`  ըստ օգտագործման եղանակի: Առանձնացնում են երկու խումբ, առաջին` ռեսուրսներ, որոնք օգտագործվում են որպես արտադրամիջոց և  երկրորդ`սպառման առարկա:

Անհամեմատ սահմանափակ են սպառման առարկա հանդիսացող ռեսուրսները, դրանք  սննդի մեջ օգտագործվող ռեսուրսներն են` խմելու ջուրը, ձկները, որսի մսատու կենդանիները, սկերը, վայրի հատապտուղները, հանքային ջուրը:

Մեկ այլ դասակարգման համաձայն` բնական ռեսուրսները բաժանվում են փոխարկելիի և անփոխարկելիի:  Օրինակ` մարկանց,  կենդանիների  ու բույսերի  շնչառության համար անփոխարինելի է  մթնոլորտի թթվածինը, խմելու համար` քաղցրահամ ջուրը:

Փոխարկելի ռեսուրսներից է  մետաղը (կարող է փոխարինվել պլաստմասսայով, ձուլածո քարով), փայտանյութը (պլաստիկայով), բնական կաշին ու մորթին  (արհեստական կաշվով ու մորթով), բնական թելերը (արհեստական թելերով):

Խաչատուր Աբովյան Վաթան

Ա՜խ վաթան, վաթան՝ քո հողին ղուրբան,
Քո ծխին ղուրբան, քո ջրին ղուրբան,
Է՞ս փառքն ունէիր, է՞ս պատիւն առաջ,
Որ հիմիկ աւրւել, մնացել ես անջան։

Ե՞րբ միտք կանէի՝ թէ էս հողերը,
Էս դաշտն ու սարերն, էս սուրբ ձորերը,
Էնպէս մեծութիւն, էնպէս լաւ օրեր
Քաշել են, մնացել, ա՜խ հիմիկ անտէր։

Հող ունենք՝ խլած, կեանք ունենք՝ մեռած,
Ա՜խ, ջրի, կրակի մենք եսիր դառած,
Ոչ երկինքն տեսնի մեր սուգն ու լացը,
Ոչ երկիրը պատռւի մեզ տանի ցածը։

Ա՜խ, մեր սիրտն էնպէս ընչի՞ հովացել,
Արինը ցամքել, մեր կուռը թուլացել,
Եարաբ, կը տեսնե՞մ, ա՜խ, ես մէկ օր էլ
Մեր սուրբ երկիրը թշնամուց ազատել։

Էն ի՞նչ շունչ կըլի, որ էս նոր հոգին
Փըչի վեր կացնի քնից մեր ազգին.
Էն ի՞նչ ձեռք կըլի, որ մեր աշխարքին
Էլ ետ սիրտ տայ ու կանգնեցի կրկին։

Մոլորակի ամենագեղեցիկ ջրվեժները

17073

Աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժների յուրաքանչյուր ցուցակ գլխավորում է Վենեսուելայի Կանայմա ազգային պարկում գտնվող Անխել (Angel) կամ Սալտո Անխել (Salto Angel) ջրվեժը։ Անխելն աշխարհում ամենաբարձր ջրվեժն է. նրա բարձրությունը կազմում է 978մ, այսինքն՝ մոտ 15 անգամ ավելի, քան հայտնի Նիագարա ջրվեժը։ Հենց այս ջրվեժը տեսնելու համար հազարավոր զբոսաշրջիկներ գալիս են Վենեսուելա։  Ի դեպ, ջրվեժի անվանումը առաջացել է ամերիկացի օդաչու Ջիմի Էյնջելի անունից, ով պատահաբար բացահայտել է այս հրաշքը։

venes

Երբ խոսքը վերաբերում է աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժներին, ապա չի կարելի չնշել աշխարհում ամենաբարձր ջրվեժներից մեկի՝ Տուգելայի մասին, որն ունի 411մետր բարձրություն։ Այն գտնվում է Հարավային Աֆրիկայի ազգային պարկում, որը կրկին կոչվում է Տուգելա։ Այն կազմված է հինգ կասկադներից, որոնք սկիզբ են առնում Դրակոնյան զառիթափ լեռներից։ Ջրվեժ բարձրանալը շատ դժվար է, քանի որ կա ընդամենը երկու արահետ, որոնցից մեկն անցնում է կիրճի երկայնքով։

brasil_arg

Իգուասուն աշխարհի ամենաարագահոս ջրվեժներից մեկն է։ Եթե որպես չափման միավոր հաշվի առնենք ոչ թե բարձրությունը, այլ լայնությունը, ապա այն կարելի է համարել աշխարհի ամենամեծ ջրվեժը, քանի որ այն ունի 2.7կմ. լայնություն եւ ներառում է 270 առանձին ջրվեժներ։ Ի դեպ, Իգուասուն հրաբխային ժայթքումների արդյունք է։

Անձրեւային շրջանում ջրվեժի ջրի հոսքը կազմում է մոտ 13000մ2 /մեկ վայրկյանում, ինչը հնարավորություն է տալիս տեսնել նրա ողջ գեղեցկությունը։

???????????????????????????????

Եվս մեկ գեղեցիկ ջրվեժ, որը հայտնի է աշխարհի բոլոր ծայրերում, եւ այն համարվում է Աֆրիկա մայրցամաք գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ Ի դեպ, տեղաբնիկներն այն անվանում են «Մոսիոա-Թունյա» («Որոտացող ծուխ»), քանի որ  ջրվեժը մոտ 2 կմ երկարությամբ «ջրային վարագույր» է ձեւավորում։ Ջրվեժը շատ ավելի տպավորիչ է գարնանը, երբ Զամբեզի գետն առավելապես լցվում է ջրով, քանի որ ամեն վայրկյան նրա մեջ թափվում է 5 միլիոն լիտր ջուր։

niagara

Ի շնորհիվ ամերիկյան կինոարտադրության՝ Նիագարան աշխարհում ամենահայտնի ջրվեժն է։ Նիագարան գրավում է հազարավոր զբոսաշրջիկների ոչ միայն իր գեղեցկությամբ, այլեւ այն պարզ պատճառով, որ շատ հեշտությամբ կարելի է հասնել ջրվեժին։ Նիագարան գտնվում է ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում եւ ամեն վայրկյանում այնտեղից թափվում է 2.8 միլիոն լիտր ջուր։ –

17073

Չժենչժուտան ամենաբարձր ջրվեժներից չէ,  բայց այն կարելի է դասակարգել ամենագեղեցիկների շարքում։ Ջրվեժի ժայռի գագաթին առկա սեմը բաժանում է ջրի ընդերքը՝ ստեղծելով մի քանի փոքր ջրվեժներ, որոնք մարգարիտների պես թափվում են ներքեւ։

rindo

Ջրվեժների լուսանկարներով կազմվող ցանկացած ռեյտինգ չի կարող չներառել Կանադայում գտնվող Ռիդո ջրվեժը։ Այն իր անհավանական կառուցվածքը ձեռք է բերել սառեցման շնորհիվ, որը կասկադը վերածել է մի գեղեցիկ ստատիկ բեկորի։ Ինչպես գիտեք, ջրվեժները շատ դանդաղ են սառչում՝ ձեւավորելով սառցե պատ, որով էլ հոսում է ջուրը։

df

Պերուում գտնվող Գոտկա ջրվեժն իր մեծությամբ հինգերորդն է (771մ.)։ Ջրվեժը դեռեւս այնքան էլ հայտնի չէ, քանի որ բացահայտվել է 2005թ-ին, ինչն իհարկե, շատ անհավատալի է։ Մինչ այդ, այս գեղեցիկ ջրվեժով հիացել են միայն աբորիգենները։ – See more at: http://style.news.am/arm/news/17073/moloraki-amenagexecik-jrvezhnery.html#sthash.9B0txYaV.dpuf